ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պնդում է՝ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ոչ մի կապ չունի Շուշիի անկման հետ: Հովհաննիսյանը նման համոզմունք է հայտնել Aysor.am-ի հետ զրույցում։
«Ես լիովին չեմ տիրապետում Շուշիի օպերացիայի գաղտնիքներին՝ ով է ղեկավարել, ով էր իրականացրել և այլն, բայց իմ ունեցած նախնական տեղեկություններով` Սեյրան Օհանյանը ոչ մի կապ չունի Շուշիի անկման հետ»,–ասել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, թե երբ Օհանյանն Արցախ է գնացել, ինքը խոսել է նրա հետ, և առաջին իսկ րոպեից նախկին նախարարը մտել է թեմայի մեջ՝ որևէ կարգավիճակ չունենալով:
«Պաշտպանության բանակում, կարծեմ, Արայիկ Հարությունյանն Օհանյանին ինչ-որ բան առաջարկել է, դրան մանրամասն չեմ տիրապետում, բայց Սեյրան Օհանյանն իր պրոֆեսիոնալիզմի մակարդակին հարիր խորհուրդներ է տվել, որոնց մի մասը մեր տղերքը կատարել են, մի մասը, դժբախտաբար, կամ չեն արել, կամ չի ստացվել, կամ չեն ուզել. եթե անեին, միգուցե շատ տեղերում ավելի լավ կլիներ», - ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հավելել է, որ Սեյրան Օհանյանը կռվի ժամանակ գնդի հրամանատարներին, գումարտակի հրամանատարներին է խորհուրդներ տվել։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի Օհանյանն ինքը հերքել էր տեղեկությունները, թե Շուշիի մարտական գործողություններն ինքն է ղեկավարել։Նա նշել էր` համապատասխան աջակցություն է ցուցաբերել. միայն այդքանը, հրամանատարական որևէ գործառույթ չի ունեցել։