44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները փախստականի կարգավիճակ կունենան, թե ներքին տեղահանվածների, նրանց համար գործող միջազգային հումանիտար նորմերը նույնն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա կարծիքով` պատերազմի հետևանքով իրենց տներն ու բնակավայրերը կորցրած մեր բոլոր հայրենակիցները լիովին համապատասխանում են փախստականի կարգավիճակ ստանալու չափանիշներին, սակայն վերջնական գնահատականը կտան ուսումնասիրությունները, որոնք պետք է իրականացնի պետությունը։ Իսկ պետությունը, ինչպես տեսնում ենք, դեռևս չի պատրաստվում մատը մատին խփել և դա է պատճառը, որ Արցախից տեղահանված տասնյակ, երբեմն հարյուրավոր քաղաքացիներ պարբերաբար հավաքվում են կառավարության շենքի դիմաց, գործող իշխանություններից պահանջում իրենց կարգավիճակ տալ։
«Իրավաբանական առումով նրանք ևս պետք է դիտարկվեն որպես փախստական, բայց եթե հանկարծ որոշեն նրանց փախստականի ստատուս չտալ, միևնույն է ներքին տեղահանվածների առումով որևէ վեճ չկա, որովհետև նրանք իրենց մշտական բնակության վայրից պարտադրաբար են եկել այլ վայր»,- ասաց նա։
Իսկ դա նշանակում է, որ պետությունը պարտավոր է ամբողջովին իրացնել տեղահանվածների իրավունքները։ Ալավերդյանի խոսքով` նախ պետք է հաշվառել նրանց, ուսումնասիրել նրանց նյութական (և ոչ միայն) կորուստները, դիմել միջազգային համապատասխան կառույցներին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին և կարգավիճակ շնորհել, ինչը մինչ օրս չի իրականացվել։
«Այդ ռազմավարության բացակայությունը խոսում է այն մասին, որ այս իշխանությունները կամ չեն ուզում, կամ չեն էլ պատկերացնում խնդրի ամբողջ ծավալը և խորությունը։ Իսկ մինչ այդ ռազմավարությունը մշակելը պետությունը պարտավոր է նրանց ապահովել ժամանակավոր կացարաններով, հոգալ նրանց ապրուստի նվազագույն կարիքները, ապահովել աշխատելու, կրթության, ազատ տեղաշարժվելու իրավունքը»,- նշեց Ալավերդյանը։
Ճիշտ քաղաքականության դեպքում խնդիրը պետքէհումանիտարդաշտիցտեղափոխելնաևքաղաքականհարթակ և հասնել նրան, որ միջազգային ատյաններում թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ սահմանված վճիռների, որոշումների արդյունքում այդ երկու պետությունները դատապարտվեն, ինչու ոչ` պատժվեն իրենց գործած ցեղասպանական ագրեսիայի համար։
Նշենք, որ Արցախից տեղահանվածներն այսօր ևս բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում։ Նրանք պահանջում են փախստականի կարգավիճակ տալ իրենց և անդրադառնալ սոցիալական խնդիրների լուծման հարցին։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքների զգալի մասը, այդ թվում՝ պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաքը։