Մուրադովը հատուկ առաքելությամբ գալիս է Հայաստան. ԶԼՄ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Մեկ տարի առաջ` նոյեմբերի 9-ին, ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը։
Խաղաղապահներն Արցախ մուտք գործելու մեկամյակի կապակցությամբ որոշել են մեծ միջոցառում կազմակերպել, գրում է «Հրապարակը»։ ՌԴ ՊՆ-ն մոտ 200 մեդալ է թողարկել, որոնք իր հետ կբերի ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը և կհանձնի աչքի ընկած խաղաղապահներին։
Ռուս խաղաղապահներն ու բարեգործներն Արցախում մարդասիրական բեռ են բաժանել կարիքավորներին
Նա այսօր կժամանի Հայաստան, իսկ վաղն առավոտյան կուղևորվի Արցախ, որտեղ նոյեմբերի 10-ին տեղի կունենա մեդալների հանձնման արարողությունը:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ռուս խաղաղապահների ներկայությունը միշտ անհրաժեշտ կլինի. ՀՀ նախագահ
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: