Մեծ Բրիտանիայում առաջին ընթերցմամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը

Թիմ Լոութոնի ներկայացրած օրինագծի երկրորդ ընթերցումը նախատեսված է 2022 թվականի գարնանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։ Այս մասին Facebook-ում հայտնում է Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը։

«Այսօր պատմական օր է հայկական հարցի առումով: Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցման ժամանակ որևէ առարկություն չեղավ: Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին: Շնորհակալություն ենք հայտնում Թիմ Լոութոնին և համահեղինակներին` նախագծի այս հաջողության համար»,- ասված է Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ։

Օրինագիծը ներկայացրել է պահպանողական պատգամավոր Թիմ Լոութոնը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի խումբ իսրայելցի ընդդիմադիր պատգամավորներ Քնեսեթ են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ։
Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։
Չնայած այն հանգամանքին, որ այս փաստը ճանաչված է բազմաթիվ երկրների կողմից, Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ավանդաբար մերժում է այդ հանցագործության կատարման մեղադրանքները։ Իսրայելը նույնպես պետական մակարդակով դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Էրդողանը Քավալային չներեց Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի համար