ՌԱԴԻՈ

Մայր բուհի ՔՊ-ականացում է գնում. Սողոմոնյանը` ԵՊՀ-ում տեղի ունեցող զարգացումների մասին

Կրթության փորձագետ Մենուա Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ օրվա իշխանություններն իրենց վերարտադրությունն ապահովելու համար որոշել ու մայր բուհի խորհրդի կազմում ընդգրկել են քաղաքական ֆիգուրների։
Sputnik
Մինչև իշխանության գալը Փաշինյանն ու իր թիմակիցները պոպուլիստական լոզունգներով ողողել էին համալսարաններն ու ուսանողական շրջանակները՝ հավաստիացնելով, որ բուհերը 100 տոկոսով ապաքաղաքականացված են լինելու, մինչդեռ այսօր ԵՊՀ-ում ճիշտ հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Մենուա Սողոմոնյանը։
ԵՊՀ-ում հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ է ստեղծվում. բուհը 6 ամիս ժամանակ ունի
«Փաստորեն այդ ամենը գործող իշխանությունների կեղտոտ քաղաքականության մաս էր կազմում։ Արդար, մաքուր ուսանողությանն իրենց քաղաքական նպատակներին, այս խառնակչություններին ծառայեցնելու համար էր»,- ասաց նա։
Նրա խոսքով` բուհերում, ինչ խոսք, կային բազմաթիվ խնդիրներ. պաշտոնյաներն իրենց տեղում չէին, շատ գործընթացներ ճիշտ չէին կարգավորվում, հիմա պատկերը շատ ավելի վատ է, բայց արդեն մե՛խն էլ է օրվա իշխանությունների ձեռքում, մո՛ւրճն էլ։ Իրենց վերարտադրությունն ապահովելու համար որոշել ու մայր բուհի խորհրդի նախագահ են կարգել քաղաքական ֆիգուրի` ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։
«Ուզում են բոլոր բուհերում վերահսկողություն ունենալ, որ հանկարծ առողջ քննադատություն չծավալվի, որ իրենց տխրահռչակ իշխանությունը չսասանվի ինտելեկտուալ մարդկանց կողմից առողջ քննադատության արդյունքում։ Համալսարանի ՔՊ-ականացում է գնում, երբ և՛ ռեկտորի պաշտանակատարը, որը պատրաստվում է դառնալ ռեկտոր, և՛ խորհրդի նախագահը, և՛ մի շարք առանցքային գործիչներ բուհում գլխավոր որոշում կայացնողներն են»,- նշեց Սողոմոնյանը։
ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Ժաննա Անդրեասյանը
Փորձագետի կարծիքով` պետության կարևորագույն ինստիտուտներից մեկը` ԵՊՀ-ն, քաղաքականացումից փրկելու հնարավորություն դեռ կա։
«Երիտասարդների, ուսանողների շրջանում պետք է այս մասին խոսել, ըմբոստանալ, որովհետև այս իշխանություններն աղմուկից շատ են վախենում »,- հավելեց փորձագետը։
Նշենք, որ նոյեմբերի 6-ին ԵՊՀ–ում տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ փոխվարչապետը
ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին:
Հիշեցնենք` Երևանի պետական համալսարանն արդեն երկու տարի է, ինչ ռեկտոր չունի։ Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 13 տարի շարունակ, նոր նշանակում տեղի չունեցավ, իսկ կրթօջախի շուրջ լարվածությունը սկսեց աճել․ այս պաշտոնի բոլոր հնարավոր թեկնածությունները կոշտ քննադատության էին ենթարկվում։
Օգոստոսի 5-ին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը: