Խնդրի բացահայտման հետ կապված ունենք որոշակի պատկեր. «Տաշիր պիցցայի» հայտարարությունը

Երևան
Սննդի ցանցը ՀՀ–ում գործում է 2004 թվականից և մինչ օրս սպասարկել է ավելի քան 80 մլն մարդու. ունի գրեթե 1000 աշխատակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. «Տաշիր պիցցայում» թունավորման հետ կապված գերատեսչական մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում կա որոշակի պատկեր՝ խնդրի բացահայտման հետ կապված։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Տաշիր պիցցան»` անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած դեպքին։
Նշենք, որ նոյեմբերի 7-ի ժամը 20:30-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է 171 թունավորման դեպք:
«Առողջապահության նախարարության և սննդի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական հայտարարությունից հետո ձեզ հնարավորինս շուտ կտեղեկացնենք մեր մասնաճյուղերի վերաբացման մասին։ Մեզ համար առաջնահերթություն է մեր հաճախորդների առողջությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սննդի ցանցը ՀՀ–ում գործում է 2004 թվականից և մինչ օրս սպասարկել է ավելի քան 80 մլն մարդու, ունի գրեթե 1000 աշխատակից, 29 մասնաճյուղ Երևանում, ԼՂՀ–ում և ՀՀ 5 մարզերում։ Բացի այդ, սննդի ցանցը համագործակցում է շուրջ 500 մատակարար ընկերությունների հետ՝ ներմուծող և արտադրող, օրական սպասարկում է 30 000-32 000 հաճախորդի։
Հիշեցնենք, որ թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2–րդ մասի, 2–րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը)։