ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Առողջապահության նախարարի՝ աշխատող քաղաքացիների կողմից ՊՇՌ թեստերի տրամադրման ժամկետները 14-ից մինչև 7 օր կրճատելու որոշման փոփոխությունն ամենայն հավանականությամբ ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից: Sputnik Արմենիային ու 24 news-ին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
«Ներկայումս մենք քննարկում ենք չպատվաստված աշխատակիցների նկատմամբ պահանջների փոփոխության հարցը, այն է՝ ՊՇՌ թեստերի տրամադրման ժամկետների կրճատումը 14 օրից մինչև 7 օր: Համապատասխան իրավական ակտն արդեն մշակվել է, ուղարկվել է մեր գործընկերներին։ Մանրամասները կներկայացնենք, երբ ամփոփենք արդյունքները», - ասաց Նանուշյանը։
Նա նշեց, որ քննարկվում են նաև մի շարք այլ միջոցառումներ։ Սակայն այդ մասին կհայտնեն, երբ մասնագետները միասնական կարծիքի գան։
Նանուշյանի խոսքով՝ վերջին շաբաթներին գրանցվել է վարակի հայտնաբերված դեպքերի, ինչպես նաև COVID-ի մահացության ցուցանիշի աճ: Վերջին օրերին իրավիճակը փոքր-ինչ կայունացել է, սակայն առողջապահության համակարգը դեռ աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ։ Մասնագետներն ամեն ինչ անում են կորոնավիրուսով վարակվածների, նաև այլ հիվանդների արդյունավետ բուժման, ինչպես նաև պատվաստման գործընթացը պատշաճ իրականացնելու համար:
Նախարարի առաջին տեղակալը նշեց, որ գերատեսչության առաջնահերթությունները չեն փոխվել։ Պատվաստումների թիրախային խումբը մնում են քրոնիկ հիվանդություններով անձինք, ինչպես նաև 65 տարեկանից մեծ քաղաքացիները: Իրականացվում է նաև երեխաների պատվաստում։ 12 տարեկանից մեծ մի քանի տասնյակ երեխա է արդեն պատվաստվել:
Նանուշյանը կոչ արեց քաղաքացիներին պատվաստվել՝ չկասկածելով COVID-ի դեմ պատվաստման անհրաժեշտության մեջ։ Նրա խոսքով՝ դա հիվանդության ծանր ընթացքը կանխելու, հարազատներին ու մտերիմներին պաշտպանելու գործուն միջոցներից մեկն է։