ԱՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին

Արայիկ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել նաև զինվորական պանթեոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Տեղեկությունը հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Նշվում է, որ երկրի ղեկավարը եղել է նաև զինվորական պանթեոնում և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմներում զոհվածների շիրիմներին:
Նիկոլ Փաշինյանը լուսաբացին այցելել է «Եռաբլուր»
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
44-օրյա ավերիչ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքների զգալի մասը, այդ թվում՝ պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաքը։