Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներն արցախցուն սպանության սպառնալիքներ են ուղղել

Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցային տիրույթում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն Արցախի քաղաքացուն սպանության, հաշվեհարդարի սպառնալիքներ են ուղղել։ Նման հաղորդագրություն է տարածել Արցախի դատախազությունը` մանրամասներ հաղորդելով դեպքից։
Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, արյունը խմելու կոչերով. Թաթոյան
Նշվում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցային տիրույթում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ ու որակ են ստացել։ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ։

«Երեկ Արցախի դատախազություն է ներկայացվել հաղորդում, որ ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ։ Այդ ընթացքում արցախցու մասին ներկայացրել են այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են ԱՀ քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքագրելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Այս հաղորդումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Դատախազությունը հորդորում է զերծ մնալ սոցցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց: