Ադրբեջանցի զինվորն անցել է Արցախի տարածք. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնել Շուշիի միջադեպից

Արցախի քննչական կոմիտեն հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈւ–ի` դեռևս անձը չպարզած զինծառայողն Արցախի բնակչությանն ահաբեկելու նպատակով է կրակել ջրատարի վրա աշխատողների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արցախի քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել երեկ Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին։
Արցախի ԱԱԾ–ն հայտնել էր, որ երեկ ադրբեջանական կողմը կրակ է բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Շուշիի մոտ վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է
Կրակոցների հետևանքով երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկ մարդ՝ զոհվել:
«Նոյեմբերի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողը Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ անցած տարածքից անցել է Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք։ Այնուհետև Արցախի բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ»,–նշված է Արցախի քննչական կոմիտեի հայտարարության մեջ։
Կրակոցների հետևանքով Ստեփանակերտ քաղաքի 1998թ. ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանը գլխի շրջանում ստանալով հրազենային-գնդակային վիրավորում՝ տեղում մահացել է, իսկ Գևորգ Մելքումյանը, Գագիկ Ղազարյանը և Արմեն Սարգսյանը ստացել են հրազենային վիրավորումներ։
Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից մահացածը 22 տարեկան է. ինչ վիճակում են վիրավորները
Փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ, 14-րդ կետերով (սպանությունը) և ԱՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ահաբեկչությունը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն նույնպես անդրադարձել էր այս դեպքին` ասելով, որ Շուշիի մոտ միջադեպը տեղի է ունեցել եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի նախօրեին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի այցի օրը, որտեղ վերջինս իր ելույթում հանդես է եկել հերթական հայատյաց հռետորաբանությամբ լի հայտարարությամբ և ուժի կիրառման սպառնալիքներով։