ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի –Sputnik. 2020 թ- հոկտեմբերի համեմատ այս տարի հոկտեմբերին գները Հայաստանում բարձրացել են 9 տոկոսով: Այսօր «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքում ասաց ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ ներկայացնելով իշխանությունների տնտեսական քաղաքականության հետևանքները:
«Սննդամթերքի գներն աճել են համարյա 16 տոկոսով, հագուստն ու կոշիկը՝ 12 տոկոսով, մեր ժողովրդի սննդակարգի հիմնական մասը կազմող բանջարեղենը՝ համարյա 70 տոկոսով, կաթնամթերքը՝ 12 տոկոսով: Տո դուք էլ, ձեր տնտեսական քաղաքականությունն էլ, էդ էիք ուզո՞ւմ»,- ասաց Խաչատրյանը՝ շարունակելով թվարկել, որ հացն ու հացահատիկը թանկացել են ավելի քան 10 տոկոսով:
Նա հիշեցրեց, որ մեր հացահատիկի մեծ մասն Արցախից էր գալիս, այսօր այդ արտերը մնացին թուրքին, այսօր թուրքն է այդ հացն ուտում, բայց մենք տնտեսական հեղափոխությունից ենք խոսում:
Խաչատրյանն անդրադարձավ նաև իշխանության վերջին նախաձեռնություններից մեկին՝ Ամանորի տոնական արձակուրդները կրճատելու մասին՝ սարկազմով առաջարկելով հանգստյան օրերն ընդհանրապես վերացնել: «Գլխներին էլ մի հատ ամպ կապեք, որ գիշերն էլ աշխատեն, փող էլ մի տվեք»,- ասաց նա:
Պատգամավորը հիշեցրեց, որ ՀԲ տվյալներով Հայաստանում աղքատության ցուցանիշն աճել է, թոշակներն ու նպաստները չեն ավելացել, փոխարենը պահպանվել ու անգամ ավելացվել են պարգևավճարները: