Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ճանապարհահատվածը երկկողմանի բաց է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի -Sputnik. Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթևեկությունը դադարեցվել է։
«ԱՀ իրավապահ մարմինները, ռուսական խաղաղապահ ուժերի հետ մեկտեղ, այս պահին իրականացնում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից։
Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակոցներ են արձակել. կա մեկ զոհ
Ինչպես արդեն հայտնել էինք, նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, մահացել է, երեքին (41-ամյա Ս․Ա, 31-ամյա Մ․Գ․, 43-ամյա Դ․Գ․) ցուցաբերվում է բժշկական օգնություն։
Վիրավորների վիճակը գնահատվում է միջին ծանրության։