Կոտայքի համայնքներին 36.2 մլն դրամի վնաս է պատճառվել. մեղադրվում են նախկին համայնքապետները

Տարված աշխատանքների արդյունքում պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 5.6 մլն ՀՀ դրամը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայիք մարզի մի քանի համայնքներին շուրջ 36.2 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել, որի շրջանակներում հարուցվել է 4 քրեական գործ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մասնավորապես, Կոտայքի մարզի Գառնի համայնքի, Չարենցավան խոշորացված համայնքի Կարենիս բնակավայրի, Մեղրաձոր խոշորացված համայնքի և նշված համայնքի Արտավազ բնակավայրի նախկին ղեկավարները մի շարք ապօրինություններ են թույլ տվել։ Հարուցված քրեական գործերով պարզվել է, որ սկսած 2004թ.-ից՝ համայնքների ղեկավարները, պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը շուկայականից էականորեն ցածր՝ սիմվոլիկ վճարներով վարձակալության են հանձնել տարբեր ֆիզիկական անձանց, այդ թվում նաև իրենց հարազատներին, մերձավորներին: Դրանից հետո այդ հողամասերը բազմապատիկ անգամ բարձր վարձավճարներով ենթավարձակալության են հանձնվել հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություններին` բջջային կապի ալեհավաք կայաններ տեղադրելու համար:
Սոթքում ադրբեջանցիների պատճառով օտարերկրյա ընկերությունը 5 մլն դոլարի վնաս է կրել. Թաթոյան
Արդյունքում համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ, որոնցից 3-ը՝ նշված համայնքների նախկին ղեկավարներ:
Վերոնշյալ 4 քրեական գործերից 2-ը՝ 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Դրանցից մեկով դատական քննությունը շարունակվում է, մյուսով կայացվել է արդարացման դատական ակտ, որը մարզի դատախազության կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան: Իսկ 2 քրեական գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է:
Նորակերտի համայնքապետի շուրջ 7 մլն դրամի հասցրած վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ 5.6 մլն ՀՀ դրամը, միջոցներ են ձեռնարկվում վնասների մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ: