ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հոկտեմբերին Սյունիքում սահմանը հատած ու ադրբեջանական կողմում հայտնված 3 ձիերից վերջինը նույնպես վերադարձել է տիրոջ մոտ։ Տեղեկությունը Facebook-ի էջում հրապարակել է Տեղի համայնքապետարանի մամուլի ծառայությունը։
«Ինչպես գիտեք` հոկտեմբեր ամսին Տեղ համայնքի Խնածախ բնակավայրից սահմանը հատած և հակառակորդ կողմ անցած 3 ձիերից 2-ը վերադարձել էր։ Տեղեկացնում ենք, որ հակառակորդ կողմի մոտ մնացած 1 ձին նույնպես ինքնուրույն վերադարձել է»,–հայտնում են համայնքապետարանից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 28–ին Սյունիքի մարզի Խնածախ համայնքում ադրբեջանական կողմը գողացել էր տեղի բնակիչներից մեկի 3 ձին։
Առավոտյան 7։30-ի կողմերում 3 ձի անցել էին ադրբեջանցիների վերահսկողության ներքո գտնվող տարածք, նրանք էլ գողացել են ձիերին, սակայն մինչև մեկին կապել էին, նրա երկու ձագերը փախել, հետ էին եկել։
Հոկտեմբերի 4-ին նույնպես նման դեպք էր տեղի ունեցել` Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներից մեկի 11 ձին անցել էր ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող տարածք։ Դեպքով ռուս խաղաղապահներն էին զբաղվում։