Երևան, 8 նոյեմբերի – Sputnik, Նատալյա Դեմբինսկայա
Տարիներ շարունակ Եվրոպան փորձում էր թուլացնել իր գազային կախվածությունը Ռուսաստանից։ Առանցքային գործիքներից մեկը դարձել էր շուկայի ազատականացումը՝ պայմանագրերը սփոթ-գներին կապելը։ Դա վատ չէր աշխատում, բայց միայն քանի դեռ կապույտ վառելիքը հերիքում էր և նավթից էժան էր։ Հիմա պարզվում է, որ Արևմուտքը սխալվել է և շատ թանկ է վճարում դրա համար։
Շուկան բարեփոխեցին
«Էներգետիկ ասեղից» հրաժարվելու հավակնոտ ծրագրերը ենթադրում էին և՛ «Հարավային հոսքի» կառուցումը (Անապայի շրջանից Սև ծովի հատակով դեպի բուլղարական նավահանգիստ Վառնա գազատարի միջազգային չիրացված նախագիծ), և՛ այլընտրանքային մատակարարների վրա դրված խաղադրույքը, և՛ բնական հեղուկացված գազի ներմուծման ընդլայնումը:
Գազի շուկայի ազատականացումն առաջին հերթին գնաձևավորման մեխանիզմի փոփոխություն է։ Պայմանագրերի մեծ մասը նախկինում կապված էր նավթային գնանշումների հետ։ 20 տարի առաջ ԵՄ-ում որոշեցին, որ դրանից պետք է հրաժարվել։ Այլընտրանքը գազային հանգույցների գներն էին։ Դա, ըստ էության, վառելիքի բորսա է, որտեղ ամեն ինչ կախված է առաջարկից և պահանջարկից։
Հանգույցները ստեղծեցին Նիդեռլանդներում և Մեծ Բրիտանիայում։ Ավելացրին ՀԲԳ-ի մատակարարումները ԱՄՆ-ից և Քաթարից։ 2008թ․-ի գլոբալ ֆինանսական ճգաժամի ժամանակ հումքը կտրուկ էժանացավ։ Եվ դա միայն ամրապնդեց ներմուծումը գազի սփոթ-գների, այլ ոչ թե ավելի թանկ նավթի հետ կապելու` ԵՄ–ի ցանկությունը։ Այսպիսով, նշում Է The Wall Street Journal-ը, եվրոպացի պաշտոնյաներն ու ընկերությունները վերջին տասնամյակի ընթացքում «հաջողությամբ ճնշում էին գործադրում «Գազպրոմի» վրա:
Մինչև 2019 թ․-ը ԵՄ-ի հետ ռուսական հսկայի պայմանագրերի կեսից ավելին հիմնված էր սփոթ-գների կամ ֆորվարդային գների վրա:
Ռազմավարությունը ձախողվեց
Եվրոպան ցնծում էր․առաջացել էր «առավել դիվերսիֆիկացված շուկա, որտեղ տարբեր մատակարարներ մրցակցում են։ Գազը մշտապես նավթից թանկ էր։ Անկախ էներգետիկ խորհրդատուների հաշվարկներով՝ ԵՄ-ն տնտեսել է 70 մլրդ դոլար։ Սակայն այս տարի ամեն ինչ փոխվեց։
Կապույտ վառելիքի բորսային գները 300-400 տոկոսով բարձրացան։ Երկարաժամկետ պայմանագրերը հաշվի են առնում մի քանի ամիս ուշացումները։ Սակայն լրացուցիչ ծավալները ստիպված են լինում ընթացիկ գնանշումներով գնել, քանի որ պայմանագրայինները չեն հերիքում։
«Ռուսները մեզ երկար ժամանակ համոզում էին` մի՛ արեք նման բան, դա հիմարություն է, պահե՛ք նավթին կապված գները,- Օքսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Ջոնաթան Սթերնի խոսքերն է մեջբերում WSJ-ը,-և պարզվեց, որ նրանք ճիշտ էին»։
Ռազմավարությունն աշխատում էր` երբ գազը հերիքում էր։ Բայց հենց որ պակասուրդ առաջացավ և գները բարձրացան, այն անմիջապես խափանվեց։ Էներգետիկայի միջազգային գործակալության հաշվարկներով՝ ԵՄ-ն 2021թ․-ին մոտ 30 մլրդ դոլարով ավելի շատ կվճարի, քան վճարելու էր նախկին կանոնների դեպքում:
Եվրոպական նախարարները գլուխ են կոտրում` փորձելով լուծել խնդիրը։ Բայց, ինչպես նշում է WSJ-ն, նրանք քիչ բան կարող են անել, քանի որ Ռուսաստանը չի օգնում․ Մոսկվան մատակարարում է ճիշտ այնքան, որքան նախատեսված է ըստ պայմանագրերի։
«Էներգետիկ ճգնաժամը հրահրեցին Եվրոպական միության իշխանությունները, որոնք շեշտը դրել էին այլընտրանքային էներգետիկայի արագացված զարգացման վրա և «Գազպրոմի» համար սահմանափակել էին հասանելիությունը OPAL գազատարին` չհաշված մյուս գործողությունները, օրինակ՝ «Երրորդ էներգետիկ փաթեթի» ընդունումը»։ Արդյունքում Ռուսաստանից մատակարարումը պակասեց, և «Գազպրոմը» միանգամայն հիմնավոր կերպով չի շտապում ավելացնել այն` գերադասելով հումքը աճուրդներում վաճառել»,-պարզաբանում է անկախ արդյունաբերական փորձագետ Լեոնիդ Խազանովը։
Սակայն ռազմավարությունը պահպանվում է։ Ինչպես հոկտեմբերի սկզբին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ հարկավոր է դիվերսիֆիկացնել մատակարարներին, ինչպես նաև արագացնել անցումը դեպի ավելի մաքուր էներգիա։
«Եվրոպան այսօր շատ է կախված գազի ներկրումից,-ասել է նա,-դա մեզ խոցելի է դարձնում»։
Սակայն այլ աղբյուրներից՝ Կենտրոնական Ասիայից մինչև եվրոպական լեռնային ապարներից ստացվող թերթաքարային գազի մատակարարումների ավելացման հույսերը չարդարացան։ Բուն ԵՄ-ում էլ արդյունահանումն ընկել է Նիդեռլանդներում Գրոնինգեն հանքավայրի արագ սպառման պատճառով:
Իսկ հեղուկացված բնական գազն առաջվա պես մոտ 30 տոկոսով թանկ է խողովակաշարային գազից։ Բացի այդ, դրա ենթակառուցվածքների պակաս կա։ Իսկ դրանց կառուցումը նույնպես չափազանց ծախսատար է։ Արդյունքում ԵՄ-ի օգտագործած գազի 90 տոկոսը ներկրված է, որի կեսը՝ Ռուսաստանից։
Շրջել իրավիճակը
Bloomberg-ը պնդում է, որ Մոսկվան ցանկանում է վերանայել կանոնները։ Չնայած այն բանին, որ սփոթ-գներով մատակարարումները դեպի Եվրոպա կարող էին ավելի շահավետ լինել, Ռուսաստանը շահագրգռված է երկարաժամկետ պայմանագրերի հարցում։ Այդ մասին խոսել է նաև Պուտինը «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովի ընթացքում։
«Գերմանիան ոչ թե երկու հազարական, ոչ թե մեկուկես հազար, այլ 250-300 դոլար է ստանում հազար խորանարդ մետրի համար։ «Գազպրոմը» կարծես նույնիսկ կորցնում է․․․ բայց արտադրողն, այնուամենայնիվ, շահագրգռված է այդ կայունության հարցում։ Քանի որ նա գիտի, որ այդպես առնվազն ինչ-որ ծավալ կվաճառի ինչ-որ գնով, և այդ ժամանակ նա համապատասխան կերպով ներդրումային քաղաքականություն է ստեղծում»,-նշել է նախագահը։
«Երկարաժամկետ պայմանագրերն ապահովում են մատակարարման կայունությունը և թափանցիկ գնագոյացումը մի քանի տարով, թեկուզ և եկամուտն այդպես ավելի ցածր է», - հաստատում է Խազանովը,- իսկ սփոթ-առևտրի դեպքում ուժեղ փոփոխականություն է հնարավոր համեմատաբար ոչ մեծ գնումների ֆոնին՝ անորոշ ֆինանսական արդյունքներով։ Համապատասխանաբար, երկարաժամկետ պայմանագիրն ավելի ձեռնտու է, քան սփոթային հոգսը»։
Փորձագետները խնդիրը տեսնում են ոչ այնքան նավթին կապակցելուց հրաժարվելու, որքան վերջին 10-15 տարում Եվրոպական էներգետիկայում առաջացած ճեղքվածքների մեջ՝ հակասական տնտեսական քաղաքականության պատճառով:
«Դասական նավթային կապերը որոշ առումով հնացած են, քանի որ գործնականում գազը Եվրոպայի ոչ մի հատվածում նավթամթերքի հետ չի մրցակցում: Ընդ որում, նավթային շուկան շատ ավելի զարգացած է, և այնտեղ վաղուց արդեն չեն եղել այնպիսի տատանումներ, ինչպիսիք մենք տեսանք վերջին 18 ամիսների ընթացքում գազային սփոթում։ Սկզբում գները 5-6 անգամ ընկան, ապա արագ 20 անգամ բարձրացան»:
Երկարաժամկետ պայմանագրերը շատ կարևոր են նաև ոլորտի առանձնահատկությունների պատճառով՝ երկար ներդրումային ցիկլ, բոլոր փուլերում բարձր կապիտալ ծախսեր, վատ արտահայտված սեզոնայնություն և պահպանման բարդություններ։ Գրիվաչն ընդգծում է, որ հենց դա էլ փորձում էին կտրել եվրոպացի բարեփոխիչները, իսկ արդյունքում սպեկուլյատիվ մրցարշավ ստացան։
Հաշվի առնելով դառը փորձը՝ ԵՄ-ում կարող են հին համակարգին վերադառնալու պատրաստակամություն հայտնել։ Սակայն չի բացառվում, որ ռուսական մենաշնորհային ընկերության համար ավելի հեշտ կլինի պայմանավորվել եվրոպական խոշոր ընկերությունների հետ՝ նրանց առաջարկելով գներ, որոնք կապ չեն ունենա ո՛չ նավթի, ո՛չ էլ սփոթի հետ։