ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Միայն այս տարի դատարանները բավարարել են 80 տոկոս կալանավորումների միջնորդություններ։ Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով` սա հակառեկորդ է և խայտառակություն։
«Սա նշանակում է, որ դատական իշխանությունը զբաղված է քաղաքական հետապնդումներ դակելով։ Այս իշխանությունները դատարանները վերածում են մարդկանց կալանավորելու հարթակի, դատախազության կցորդի։ Այսպիսի խեղճացած դատարաններ երբեք չենք ունեցել»,–ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով` իշխանավորների մտերիմները չեն կալանավորվում, իսկ պրոֆեսոր Արմեն Չարչյանն այսօր կալանավայրում կռիվ է տալիս կյանքի և մահվան դեմ։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է հանրահավաքին և քիչ անց նախատեսվում է, որ նա ելույթով հանդես կգա։ Այսօր հանրահավաքի ժամանակ «Հայաստան» դաշինքը հայտարարել էր համազգային դիմադրության շարժում սկսելու մասին։