ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի գործող իշխանություններն են բանակը քանդել` ամեն օր բանակին հարվածելով։ Ազատության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով`Զինված ուժերում մշտական կադրային փոփոխությունները ռազմական ղեկավարության անվերջ վերադասավորումները, անարդյունավետ զենքի գնումը և բանակի վրա քաղաքական ազդեցության մեծացումը ի վերջո հանգեցրին 44-օրյա պատերազմում պարտության։
Օհանյանն ասաց, որ քաղաքական ղեկավարությունն այժմ փորձում է պարտության ողջ պատասխանատվությունը գցել զինվորականների վրա, իսկ մինչ պատերազմը բանակը դարձրել էր սեփական PR-ի գործիք։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը համոզված է, որ պարտվել է ոչ թե բանակը, այլ պետությունը, ավելի ճիշտ՝ կառավարման ցածր մակարդակը։ Նախկին նախարարը հավելեց, որ պետությունը պատերազմի ընթացքում բանակին թողեց միայնակ թշնամու հետ, չկարողացավ ապահովել հուսալի թիկունք:
Խմբակցության ղեկավարը նշեց, որ այժմ Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրն ամբողջությամբ փոխվել է, աշխարհագրությունը փոխվել է՝ հաշվի առնելով տարածքային կորուստները։
Բայց իշխանությունները բանակն ու ուժային մյուս կառույցներն ուժեղացնելու փոխարեն ոչնչացնում են դրանք։