Խիստ տատն ասել էր. «Եթե տնից դուրս գաս, ուրեմն միայն պատուհանից»։ Ո՞ւմ էր սպառնացել տատը, և ո՞վ է այն մեկը, ով ոչ թե դռնից, այլ պատուհանից դուրս եկավ։
Նա հայուհի է։ Ծնվել է Մոսկվայում, ապրել էՎոլոգդայում։ Հայաստանում միայն մեկ անգամ է եղել։ Ազգանունը` Թութունջյան, անունը` Ջաննա։ Ովքեր այնքան էլ մտերիմ չէին, նրան «Ջաննա Տաճատովնա» էին ասում, բայց քանի որ Վոլոգդայում նա յուրային էր, հազվադեպ էին անուն–հայրանունով դիմում նրան։ Բոլորը «Ջաննա» էին ասում։ Ջաննան նկարչուհի է, ամուսինը` ռուս, նույնպես նկարիչ, արմատներով նույն Վոլոգդայից։
Ջաննա Թութունջյան
© Sputnik / Александр Лыскин
Հյուսիսի համար արտասովոր անվան մասին խոսելիս Ջաննան ասում էր. «Ասում են` անունն ազդում է մարդու վրա։ «Ջան»–ը «հոգի» է նշանակում։ Այդ անունն ինձ տալով` «դատապարտել» են, որ ավելի շատ հետաքրքրվեմ ոչ թե մակերեսայինով, այլ նրանով, ինչը ներսում է գտնվում»։
Դատավճիռը կատարվեց, Ջաննան միշտ տեսնում էր այն, ինչ խորքում էր։
Թութունջյանը պարզաբանում էր, որ որպես նկարչուհի ծնվել է Վոլոգդայում, որպես քաղաքացի` Մոսկվայում, որպես մարդ` ծնվել և ապրում է երկրագնդի վրա, և իրեն մեկ չէ` ինչպիսին է այն և ինչ կլինի նրա հետ։
Համաձայն ենք` մարդ, քաղաքացի, նկարչուհի, իսկ հայկակա՞ն ինչ կա։ Հայրենիքում Ջաննան եղել է միայն մեկ անգամ։ Ամենից շատ հայկական երգերն են հիշվել, որոնք նա կապում էր բնության հետ, իսկ ավելի կոնկրետ` լանդշաֆտի։
«Ռուսաստանում երգերը դաշտերի, հսկայական հարթավայրերի համար են գրված, դրանք տխուր են, երկար ու ձիգ։ Իսկ Հայաստանում` լեռների և արևի։ Երգերը բարձր են, տաք ու արագ», – դիպուկահարի ճշգրտությամբ բացատրում էր նա։
Ինչպե՞ս մոսկվացի Թութունջյանը հայտնվեց Վոլոգդայում։ Ապագա ամուսնու` Նիկոլայ Բասկակովի հետ Մոսկվայում ավարտեց գեղարվեստի դպրոցը, երկուսին էլ երաշխավորագիր տվեցին Սուրիկովի հանրահայտ ինստիտուտում ուսումը շարունակելու համար. երիտասարդին անմիջապես ընդունեցին, իսկ աղջկան` երրորդ փորձից։ «Որովհետև,– բացատրում էր Ջաննան, – Կոլյան բոլորից ընդունակ էր»։ Ընդունակ ուսանողը, որը Սոկոլի մերձակայքում գտնվող խուլ գյուղերից մեկում էր ծնվել, մի օր մոսկվացի Ջաննային Վոլոգոդչինա հրավիրեց։ Մնացածը` ըստ Ջաննա Թութունջյանի պատմածի. «Շատ խիստ տատիկ ունեի։ Եվ ես հասկանում էի, որ եթե նրան ասեմ, որ Վոլոգդա եմ գնալու, չի համաձայնի։ Այնպես որ նրան ոչինչ չասեցի, տոմս գնեցի ու որոշեցի այդ մասին հայտնել մեկնելուց առաջ։ Հետս նկարչական փոքրիկ ճամպրուկ էի վերցրել։
– Այդ ո՞ւր, – հետաքրքրվեց խիստ տատիկս։
– Ես... Վոլոգդա եմ գնում։
Նա հասկացավ` ուր եմ ճանապարհվել, և վախեցավ. ես փոքր էի։ Ասաց. «Միայն պատուհանով»։ Կանգնեց դռների մեջ և ասաց. «Եթե պատուհանով կգնաս, գնա»։
Ջաննա Թութունջյանը զրուցում է հարևանուհու հետ
© Sputnik / Александр Лыскин
Եվ ես պատուհանով դուրս եկա։ Առաջին հարկում էինք ապրում։ Դուրս եկա ու գնացի։ Աշուն էր, սեպտեմբեր, շուրջը` ոսկեգույն։ Եվ ես եկա Սոկոլի մերձակայք, նրա պապի գյուղ»։
Ջաննայի բոլոր կտավները կապված են Ռուսաստանի դաշտերի, հարթավայրերի, մարդկանց հետ։ Նկարներում լեռներ չկան, արևը քիչ է, բայց ծորունությունն ու տխրությունը ընկալելի են։
Ջաննա Թութունջյան
© Sputnik / Александр Лыскин
... Յուրաքանչյուրը Հայաստանը յուրովի է տեսնում, բայց նկարչի հայացքն ամենաճիշտն է։
Կարեն Սվասյանը նկարիչ չէ, բայց եվրոպական հանրության կողմից ճանաչված փիլիսոփա է, արդեն հարյուր տարի է` Գերմանիայում է ապրում, և ահա թե ինչպես է նա տեսնում Հայաստանը. «Հայաստանի լանդշաֆտը քար է։ Բուսականությունն այնքան աղքատ է, որ արևից չայրված յուրաքանչյուր թուփ ընկալվում է որպես մարտահրավեր։ Հայաստանի պատմության մասին միտքը, որպես նրա բնության շարունակություն, ոչ թե հորինված է, այլ տեսանելի, պարզապես պետք է երկար և անշտապ նայել լանդշաֆտին` տեսնելու համար, թե ինչպես է ռելիեֆի պատկերը` միջլեռնային գոգահովիտներից, հրաբխային բարձրավանդակներից և ծալքավոր լեռնաշղթաներից վանքերի անցնում»։
Շառլ Ազնավուր։ Հայաստանում անցկացրած ժամանակը մի կաթիլ է ծովում Ֆրանսիայում ապրած կյանքի համեմատ. «Ես կաթով սուրճ եմ, ֆրանսիացի և հայ»։ Զարմանալիորեն ճիշտ տեսնում ու արտացոլում էր հայկական հոգին։ Երգում էր ֆրանսերեն, բայց հայերեն էր լսվում։
Վիլյամ Սարոյան. «Ուշ երեկոյան Ռոստովում անցնում էի գարեջրատան մոտով և տեսա սպիտակ հագած մի մատուցողի, որն ակնհայտորեն հայ էր: Ես կանգ առա և խոսեցի նրա հետ մայրենի լեզվով. «Դե, բարև, գրողը քեզ տանի»։ Ես չգիտեմ, թե ինչպես կռահեցի, որ նա հայ է, պարզապես կռահեցի, ու վերջ: Հարցը մուգ մաշկը չէր, ոչ էլ ծուռ քիթը, ոչ էլ մազերի խտությունը կամ առատությունը: Խոսքը նույնիսկ աչքերի ձևի մասին չէր: Նմանատիպ մուգ մաշկով մարդիկ շատ են, որոնք ծուռ քիթ ունեն, նմանատիպ աչքեր ու մազեր, բայց նրանք հայ չեն: Մեր ժողովուրդը յուրահատուկ է, և ես այդ պահին հենց Հայաստան գնալու ճանապարհին էի»։
Կոմպոզիտոր Միշել Լեգրան։ «Նախնիներս` բնիկ հայերը, լքեցին հայրենիքը, երբ ջարդերը սկսվեցին։ Նրանք ոտքով հասան Ֆրանսիա։ Պապս` Սարգիս Տեր–Միքայելյանն այն ժամանակ 9 տարեկան էր»։
...Ազգությունը անիվներով պայուսակ չէ, որը կարելի է վերցնել ու տանել։ Թութունջյանը միայն մեկ է անգամ եղել Հայաստանում, բայց որքան ճիշտ է նկարագրել նրա էությունը։ Եվ մի՞թե այսօր չկան Հայաստանում ողջ կյանքն ապրած հայեր, որոնք, սակայն, անտարբեր են իրենց արմատների, պատմության, անցյալի նկատմամբ։
Առակ։ Մի մարդ եկավ մարդկանց մոտ և ասաց, որ նրանց Ճշմարտություն է բերել։
– Ո՞վ ես ազգությամբ, – հարցրին նրան։ – Եթե մեր նման ես, ապա մենք կարող ենք տեսնել, թե ինչ Ճշմարտություն ես մեզ բերել։ Եթե օտար ես, մենք նույնիսկ չենք լսի քեզ։
– Բայց չէ որ Ճշմարտությունը մեկն է։ Երկու Ճշմարտություն չի լինում։
– Մենք արդեն մեր Ճշմարտությունն ունենք, օտարինը մեզ պետք չէ։
Եվ մարդիկ վանեցին իրենցից Ճշմարտությունը։
Ջաննա Տաճատովնա Թութունջյանը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ է, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, մահացել է 2011 թվականին, հուղարկավորվել է Վոլոգդայում։ Ահա այն Ճշմարտությունը, որն իր համար (և մեզ համար) բացահայտել է մեր հայրենակցուհին. «Ինձ ոչ թե պատյանն է հետաքրքիր, այլ էությունը»։