ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում լուրջ ռիսկեր կան։ Ազատության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով` դելիմիտացիա` նշանակում է, որ մենք ուղղակի կամ անուղղակի կերպով, բայց փաստացի ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ֆիքսում ենք Ղարաբաղի անկլավային իրավիճակը Ադրբեջանի ներսում։
«Սա վերջ է դնելու Ղարաբաղյան հարցի կարգավորմանը։ Սա նշանակում է, որ մնալու է մեկ լուծում` Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմում։ Այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու»,–ասաց Քոչարյանը։
Նա շեշտեց, որ դելիմիտացիան իրականացնելուց հետո Ադրբեջանը ստանալու է լեգիտիմ իրավունք` ցանկացած պահի Հայաստանը Ղարաբաղին միացնող ճանապարհին տեղակայելու իր սահմանապահներին, մաքսակետեր և ամբողջությամբ վերահսկելու ճանապարհի շարժը։ Ադրբեջանը նույնն անում է Հայաստանը Իրանի հետ կապող Գորիս-Կապան ճանապարհին։ Քոչարյանը կոչ արեց թույլ չտալ իշխանություններին ստորագրել մի փաստաթուղթ, որը կհավերժացնի իր կարծիքով անցյալ տարվա հանձնումը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել նոյեմբերի 9-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների սպասվող հանդիպման մասին։
Ըստ տեղեկությունների՝ բանակցություններից հետո սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում։ Փաստաթղթերից մեկը վերաբերելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային, մյուսը՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ այս պահին նոյեմբերի 9-ի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտնել է, որ բանակցությունները նախապատրաստվում են տեսաֆորմատով, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան։