36-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել են նրա ընկերուհին, մայրն ու եղբայրը

Առանձնատան խոհանոցում հայտնաբերվել է Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի դիակը՝ գլխի և մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Դեպքի վերաբերյալ ահազանգը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել է 2021թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, որով քաղաքացին տեղեկացրել է իրենց տան վրա դանակով հարձակման մասին:
Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ նշված առանձնատան խոհանոցում հայտնաբերվել է Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի դիակը՝ գլխի և մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի վայրից հայտնաբերվել և վերցվել է 6 հատ դանակ՝ արնանման հետքերով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը. նրանցից մեկը տուժողի ընկերուհին է, մյուս երկուսը՝ վերջինիս մայրն ու եղբայրը:
1 / 3
Իրավապահ մարմինների աշխատակիցները սպանության վայրում (8 նոյեմբերի, 2021թ.)․ Երևան
2 / 3
Իրավապահ մարմինների աշխատակիցները սպանության վայրում (8 նոյեմբերի, 2021թ.)․ Երևան
3 / 3
Իրավապահ մարմինների աշխատակիցները սպանության վայրում (8 նոյեմբերի, 2021թ.)․ Երևան
Նշված երեք անձինք ձերբակալվել են՝ հիշյալ 36-ամյա տղամարդուն խմբի կողմից դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու կասկածանքով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի «Հաղթանակ» թաղամասում այսօր սպանություն է տեղի ունեցել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել: