Թուրքիայում կքննարկեն Ադրբեջանում զինվորականների ներկայության ժամկետը երկարաձգելու հարցը

Իշխող ուժը հույս ունի, որ խորհրդարանական բոլոր ուժերը միասնություն կցուցաբերեն այս հարցում։
Sputnik
Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգման հարցը։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած օրինագիծը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են Ղարաբաղի թեման. Չավուշօղլու
«Ադրբեջանի մասին օրինագիծն անցյալ տարի խորհրդարանում պաշտպանել են բոլոր կուսակցությունները, բացի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP)։ Հուսով եմ, որ այս տարի փաստաթուղթը կսատարեն բոլոր կուսակցություններն, ու մենք կկարողանանք ընդգծել, որ Թուրքիան, նրա բանակը, անվտանգության ուժերն ու պետությունը ադրբեջանցի եղբայրների կողքին են», - ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության փոխնախագահ Բյուլենթը գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ նման հարցերում միասնականություն է պետք։
«Իհարկե, քաղաքական բանավեճ, վիճաբանություններ կարող են տեղի ունենալ, բայց որոշ հարցեր պետք է դուրս մնան այդ վիճաբանությունից։ Ադրբեջանի մասին օրինագիծը նման հարցերից է։ Մենք կուզենայինք, որ փաստաթուղթը սատարեին առանց բացառության բոլոր կուսակցությունները», - նշել է Բյուլենթը։
Հայաստանը հրավիրված է, իսկ Թուրքիային ԱՄՆ-ն հանել է մասնակից երկրների ցանկից
Թուրքիայի խորհրդարանի 2020 թվականի նոյեմբերի 17-ի լիագումար նիստում հավանություն է տրվել թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին Էրդողանի առաջարկին։ Խորհրդարանը թույլ է տվել զինվորականներին Ադրբեջան ուղարկել մեկ տարի ժամկետով՝ «Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրի» դրույթներից բխող պարտավորությունների կատարման համար:
Սպասվում է, որ 2021 թվականի նոյեմբերի 17-ից Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը ևս մեկ տարով կերկարաձգվի: