ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օրվանից սկսած չի եղել գոնե մեկ դեպք, երբ բանակի կարիքներն ու պահանջները չբավարարվեն։ Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարեց կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ այդ քննարկված ՍՈւ-30ՍՄ-ների ձեռքբերումը հենց իր խոսքերի ապացույցն է։ Նշում է՝ դրանք ձեռք են բերվել բանակի ցանկությամբ։
Միաժամանակ վարչապետը նաև գրություններ էր ստանում, թե իրականում դրանք պետք չեն։ Նրա խոսքով՝ այդ գրություններն ինքն ուղղորդել է մասնագիտական մարմնին (ՀՀ պաշտպանության նախարարություն), որ նրանք քննարկեն ու պատասխան տան։ «Քննարկել են ու գրավոր պատասխանել են, որ պետք է։ Ասել եմ՝ պետք է, ուրեմն կառնենք»,- նշեց Փաշինյանը։
Նա ցանկանում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը նաև այս հարցը քննի, նաև քննության նյութ դարձնի բանակցային գործընթացի ողջ ժամանակահատվածը՝ սկսած 1994 թվականից։
Հիշեցնենք, որ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման մասին հայտնի է դարձել այս տարվա հուլիսին։ Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են ԱԺ երեք խմբակցությունների անդամներ, արտախորհրդարանական գործիչներ, նաև՝ զինծառայողների հարազատներ։
Հավելենք, որ Ազգային ժողովի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքները հապաղում են «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի պատճառով։ Ըստ Քոչարյանի` Արթուր Ղազինյանը չի ներկայացրել գաղտնի տեղեկություններին տիրապետելու թույլտվության համապատասխան փաստաթղթերը։