Նոյեմբերի 9-ին հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա․ Փաշինյան

Տեղեկություններ են շրջանառվում, որ մի քանի օրից եռակողմ հանդիպման ժամանակ Մոսկվայում նոր փաստաթուղթ է ստորագրվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցազրույցը եթերում կլինի այսօր երեկոյան, առայժմ հեռուստաընկերությունը հրապարակել է Փաշինյանի հարցազրույցից կարևոր մի քանի դրվագներ։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալու է եռակողմ հանդիպում, որի ընթացքում ստորագրվելու է նոր փաստաթուղթ։
Ապաշրջափակման արդյունքում Հայաստանի տնտեսությունը 30 տոկոսանոց աճ կգրանցի. Քերոբյան
Ըստ շրջանառվող լուրերի՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, ստորագրելու են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերող փաստաթուղթ։ Դրանով երկու երկրները փոխադարձաբար ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները:
Կապերի ապաշրջափակման բանակցությունների ո՞ր ձևաչափն է ընդունելի․ մեկնաբանում է Զախարովան
Շրջանառվում է նաև երկրորդ փաստաթղթի մասին տեղեկատվություն, որը վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես, ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:
Հավելենք, որ հանդիպման անցկացման մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով, որ այն կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով։