ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Մենք անհրաժեշտ ենք համարում հայ-ադրբեջանական սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան, միաժամանակ դժվար ենք պատկերացնում այդ գործընթացը մի սահմանում, որտեղ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում։ Այսօր Առաջին ալիքի հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոյեմբերի 9-ից հետո մենք երևի 5-6 օր ենք ունեցել, երբ որ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել։ Հետևաբար շատ դժվար է պատկերացնել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց մի սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են հնչում»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ է պայմաններ ապահովել։ Հավելեց, որ այդ ուղղությամբ շարունակվում են խորհրդակցությունները, սակայն հստակ պայմանավորվածություններ չկան։
Ինչ վերաբերում է այն քարտեզներին, որոնց հիման վրա գործընթացը պետք է կազմակերպվի, Փաշինյանը նշեց, որ այստեղ էլ հարցը դյուրին չէ։ Գործ ունենք քարտեզների վերատպությունների հետ, որոնք ոչ բոլորն են նույնական։
«Խորհրդային Միության ժամանակ եղել է այդպիսի ավանդույթ, օրինակ, կոմունիստական կուսակցության ինչ-որ տարեդարձի կապակցությամբ եղբայրական հանրապետություններն իրար տարածքներ են նվիրել։ Ընդ որում դա եղել է տեղական մակարդակով, այսինքն՝ այս շրջանն այստեղից այսքան հեկտար արոտավայր է նվիրել։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա հիմնականում փոխադարձության սկզբունքով է եղել»,- նշեց Փաշինյանը։
Այսօր քարտեզ ասելով պետք է նկատի ունենալ այդ քարտեզի իրավական հիմնավորումը։ Կարևոր է, թե ինչ հիմքերի վրա են տեղի ունեցել սահմանազատում և սահմանագծում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև, ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրակացության, որ քարտեզների այդ իրավական հիմքերը նրանք են, որոնք 20-30-ական թթ․ համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։