ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Միջանցքի հետ կապված զարգացումների թեման փակված է, Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցազրույցը եթերում կլինի այսօր երեկոյան, առայժմ հեռուստաընկերությունը հրապարակել է Փաշինյանի հարցազրույցից կարևոր մի քանի դրվագներ։
«Այդ թեման փակված է եղել դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ին»,- նշում է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ահռելի եռակողմ աշխատանք է կատարվել հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված։
«Ամենադժվար մասը հենց բանաձևերի ընդունումն է, թե ինչ բանաձևերով պետք է կոմունիկացիաները բացվեն և աշխատեն»,- ընդգծում է ՀՀ վարչապետը։
Նույն հարցազրույցում նա հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա։
Փաշինյանը խոսել է նաև, այսպես կոչված, 3+3 ձևաչափի մասին։ Նրա դիտարկմամբ՝ այդ ձևաչափի օրակարգում չպետք է լինեն այնպիսի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված քննարկվում են այլ ձևաչափերով։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալու է եռակողմ հանդիպում, որի ընթացքում ստորագրվելու է նոր փաստաթուղթ։
Վերջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են այս տարվա հունվարի 11-ին Մոսկվայում, որի արդյունքում ստորագրվել էր եռակողմ հայտարարություն։ Այդ հայտարարությամբ ստեղծվել է երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբ, որն զբաղվում է Հարավային Կովկասում հաղորդակցության և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։