Հայաստանը դատապարտում է Իրաքի վարչապետի դեմ մահափորձը

Առայժմ ծայրահեղական որևէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, ստույգ հայտնի չէ նաև, թե քանի վիրավոր կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանը դատապարտում է Իրաքի վարչապետի դեմ այսօր կատարված մահափորձը։ Twitter-ում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել՝ համերաշխություն հայտնելով Իրաքին։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրաքի վարչապետի դեմ մահափորձը։ Մենք մեր զորակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Իրաքին ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային և ներքին անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերում»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ Բաղդադում լույս կիրակի գիշերը մահափորձ է կատարվել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմիի դեմ ականապատ անօդաչու թռչող սարքի օգնությամբ։ Ավելի ուշ երկրի կառավարության ղեկավարը Twitter-ում հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, նա չի տուժել:
Իրաքում ուղղաթիռ Է կործանվել, մահացել են անձնակազմի բոլոր անդամները
Նախապես նշվում էր, որ հարձակման հետևանքով վարչապետն ու անվտանգության ուժերի մի քանի աշխատակիցներ տուժել են: Սակայն ավելի ուշ կառավարության ղեկավարի վիրավորվելու մասին տեղեկությունը հերքվեց։ Ահաբեկչության հետևանքով վիրավորների թվի մասին տվյալները մինչ հիմա տարբեր են (3-10): Առայժմ ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Նշենք, որ Իրաքի վարչապետի նստավայրը գտնվում է Բաղդադի Կանաչ գոտու շրջանում։ Այնտեղ են գտնվում նաև այլ կառավարական շենքեր և օտարերկրյա դեսպանատներ։