ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում, 61 կգ քաշային ազատ ոճային Արսեն Հարությունյանը դիտարժան ու գերարդյունավետ եզրափակիչում 11։7 հաշվով հաղթելով ռուսաստանցի Արթուր Չեբոդաևին՝ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
Արսեն Հարությունյանը մինչև եզրափակիչ հասնելը 6։0 հաշվով առավելության էր հասել գերմանացի Նիկո Մեգեռլեյի, 10։0 հաշվով Մեծ Բրիտանիան ներկայացնող Մուհամադ Մոկաևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 5։0 հաշվով պարտության էր մատնել ղազախ Ասիլ Այտակինին։
74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը երկու հաղթանակներից հետո քառորդ եզրափակիչում բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Ասոմիդին Հասանովին, բայց կիսաեզրափակիչում 2։4 հաշվով զիջեց իրանցի Մոհմադսադեղ Ֆիրուզպոնդպայեին։ Բրոնզե մեդալի համար գոտեմատրում հայ ըմբիշի մրցակիցը Ավստրիայի ներկայացուցիչ Սիմոն Մարկլն էր։ Հայ ըմբիշը հաղթեց 10։0 հաշվով, ու նվաճեց բրոնզե մեդալը։
Քիչ անց բրոնզե մեդալի համար իր գոտեմարտն է անցկացնելու Մարտին Սիմոնյանը։
Սիմոնյանը 1/8 եզրափակիչում պարտվել էր ամերիկացի Էնտոնի Կասիոպիին, բայց քանի որ ամերիկացին հասավ մինչև եզրափակիչ՝ հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացավ։ Հաղթելով ալբանացի Պարիս Կառեպիին, հայ ըմբիշը երրորդ տեղի համարտ գոտեմարտում մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ՝ Սայպուդին Մագոմեդովի հետ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին մեր ընտրանու կազմում փոխչեմպիոն էր հռչակվել Վազգեն Թևանյանը, բրոնզե մեդալակիր էին դարձել Մանվել Խնձրցյանը և Արման Ավագյանը։
Այսպիսով Հայաստանի ըմբշամարտի հավաքականը մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ու ազատ ոճի ըմբաշամարտի մրցումներում նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե և հինգ բրոզնե մեդալ։ Հավաքածուն կարող է թարմանալ ազատ ոճի գերծանր քաշայինների երրորդ տեղի համար գոտեմարտից հետո։