ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Բնական կակաոն պարունակում է ֆենոլներ և պրոցիամիդներ, որոնք դրական են ազդում մաշկի վրա՝ նպաստելով երիտասարդացմանն ու պաշտպանելով այն։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Լյուդմիլա Միկիտյուկը։
Նա բացատրել է, որ վերոհիշյալ նյութերը «կապում» են կոլագենի մոլեկուլները՝ այդպիսով ապահովելով մաշկի առաձգականությունը։ Բացի այդ, կակաոյի փոշին պարունակում է մելանին, որը պաշտպանում է մաշկն արևի ճառագայթների ազդեցությունից, իսկ նիկոտինաթթուն բարենպաստ ազդեցություն ունի մազերի վրա։
Բնական կակաոյի փոշին հարուստ է նաև վիտամիններով և հանքանյութերով։ Այն օրգանիզմից դուրս է բերում վատ խոլեստերինը և մաքրում լյարդը, նպաստում է բջիջների կիսմանն ու հյուսվածքների աճին, դրական ազդեցություն ունի սեռական հորմոնների վրա, ապահովում է ոսկրահյուսվածքի խտությունն ու կարգավորում է մկանների աշխատանքը։
Բայց սա էլ դեռ ամենը չէ․ փորձագետն ասել է, որ կակաոն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կանխում են ուռուցքային հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև արագացնում վերքերի փակվելը։ Կակաոն հատկապես օգտակար է անեմիայով տառապող մարդկանց, հղի կանանց և ակտիվ աճի տարիքում գտնվող երեխաների համար։
Միկիտյուկն ընդգծել է, որ խոսքը բացառապես բնական ըմպելիքի մասին է, քանի որ լուծվող կակաոն քիմիա և գունանյութեր է պարունակում, իսկ օգուտից միայն 1/5-րդն է մնում։ Նա զգուշացրել է նաև, որ կաթ և շաքար ավելացնելու դեպքում կակաոն կալորիական ըմպելիք է դառնում, ուստի ավելի լավ է խմել առավոտյան։