ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից հետո պետությունները սկսել են կառուցողական երկխոսություն վարել ռազմավարական կայունության շուրջ։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Անդրեյ Բելոուսովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Բելոուսովն ընդգծել է, որ Թրամփի վարչակազմի օրոք Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև նման մակարդակի երկխոսություն չի եղել. հանդիպումներ եղել են, բայց դրանք չեն ավարտվել առարկայական քննարկումներով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 16-ին Ժնևում։ Համատեղ հայտարարության մեջ առաջնորդներն ընդգծել են, որ կողմերը մտադիր են համապարփակ երկկողմ երկխոսություն սկսել ռազմավարական կայունության շուրջ։
Կողմերն արդեն անցկացրել են ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների երկու փուլ։ Վերջին հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են ստեղծել երկու աշխատանքային խումբ։