ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
Ըստ հաղորդագրության` հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին իրանական կողմի նախաձեռնությամբ։
Նշվում է, որ նախարարները անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Քննարկվել է նաև Աֆղանստանի վիճակը։
Լավրովն Իրանի գործընկերոջ հետ քննարկել է Վիեննայում Իրանի միջուկային և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ)։
Հիշեցնենք` 2015 թվականին «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ու Իրանի կնքած Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Թեհրանի կողմից միջուկային զենք չստանալու երաշխիք, երեք տարի էլ գոյություն չունեցավ։ 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ–ն միակողմանի կարգով դուրս է գալիս ծրագրից ու վերականգնում Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցները։
Նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսվելու են ԳՀՀԾ–ն վերականգնելու և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունները։