ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ փոխվարչապետը

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվել են նախագահը և քարտուղարը:

Ըստ համալսարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Նոր կազմը հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարի` հոկտեմբերի 28-ի որոշմամբ։ Այն կազմված է 20 անդամից:
Ճգնաժամը կհարթվի՞, կամ իշխանությունները ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնում տեսնում են քաղաքական դեմքի
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ ԵՊՀ-ից ընտրված անդամներն են Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ Վարուժան Աթաբեկյանը, Հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ Մխիթար Գաբրիելյանը,Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանը, Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Փոլադյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը:
Հիշեցնենք` օգոստոսին Երևանի պետական համալսարանի ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը։