ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախկին նախարար Գեղամ Վարդանյանը մտադիր է վերադառնալ Հայաստան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԵԱՏՀ կոլեգիայից։
Վարդանյանը, որը 2020 թվականի փետրվարի 1-ից զբաղեցնում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնը, այժմ տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտի մասնավոր ընկերություն կղեկավարի: Ընկերության անվանումն առայժմ չի նշվում:
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Գեղամ Վարդանյանը հայտարարել է լիազորությունները դադարեցնելու մտադրության մասին: Նա այդ մասին անձամբ հայտնել է ՀՀ կառավարությանը։
Զբաղեցրած պաշտոնից սեփական ցանկությամբ ազատվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ԵԱՏՀ:
Վարդանյանն այդ պաշտոնում աշխատում էր շուրջ 2 տարի։ Նրան նշանակելու մասին որոշումն ընդունել էին Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: