ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում ՃՏՊ է գրանցվել, որի հետևանքով 4 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է ժամը 16։38-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW 750» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Acura» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «BMW 750» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին (Ա․ Ժ․, ծնված 1994 թ․, Ն․ Հ․, ծնված 1989 թ․, Լ․, ծնված 1994 թ․) և «Acura» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
«BMW 750» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, իսկ «Acura» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ «Իզմիրլյան» ԲԿ։