Անհայտ անձինք Սևան-Ծովագյուղ հատվածում բարձր լարման տակ գտնվող կոնտակտային ցանց են գողացել

Երթևեկությունը ժամանակին դադարեցվել է, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Անհայտ անձինք Սևան-Ծովագյուղ երկաթուղային հատվածում գողացել են 120 մետր կոնտակտային ցանց՝ կտրելով 3000 վոլտ լարման տակ գտնվող լարը: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն։
«Վերականգնողական աշխատանքները տևել են 5 ժամ, այդ ընթացքում դադարեցվել է բեռնատար գնացքների շարժը։ Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որի ներկայացուցիչները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը զգալի նյութական վնաս է կրել։
Գողը` տնից. Գյումրու դեպոյի փականագործը գիշերը փորձել է բարձր լարման էլեկտրամալուխ գողանալ
Երկաթուղու գույքի գողության և վնասման դեպքերը գնալով հաճախակիանում են և դառնում վտանգավոր։ Եթե ​​նախկինում գրանցվել են երկրորդական ուղիների լարման տակ չգտնվող կապի մալուխների կամ կոնտակտային ցանցերի գողության դեպքեր, ապա այս դեպքն աչքի է ընկնում գործողությունների անխոհեմությամբ։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ երթևեկությունը ժամանակին դադարեցվել է։
ՀԿԵ-ի գույքը գողանալու և չարամտորեն վնասելու դեպքերը 2,5 անգամ ավելացել են
ՀԿԵ-ն քաղաքացիներին կրկին զգուշացնում է երկաթուղային ենթակառուցվածքում անվտանգության չափանիշների խախտման վտանգի մասին։ Երկաթուղային համակարգերի աշխատանքին վնասակար միջամտությամբ քաղաքացիները վտանգում են ոչ միայն իրենց առողջությունն ու կյանքը, նրանց գործողություններից կարող են տուժել նաև երրորդ անձինք։
Երևանի 18-ամյա բնակիչներ են բռնվել երկաթուղու մալուխի գողության փորձի ժամանակ. ՀԿԵ–ի կոչը