ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը բռնցքամարտի աշխարհի առաջնությունից հետո առաջին հարցազրույցն է տվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային։
«Ամեն ինչ արեցի, մի փոքր չհերիքեց` ոսկուն հասնեի, բայց դե բավարարվենք սրանով։ Փորձենք մյուս մրցաշարերին ոսկին վերցնել», - նշել է նա։
Լրագրողի հարցին՝ թե ի՞նչը չհերիքեց մարզիկին, Չալոյանն ասել է, որ մի փոքր հոգնածություն է զգացել կիսաեզրափակիչից հետո։
«Ամեն ինչ դրել էի կիսաեզրափակիչում, որ ադրբեջանցուն հաղթեի, փառք աստծո ստացվեց։ Հետո ես ամեն ինչ դրեցի եզրափակիչում, բայց դե այդպես ստացվեց», - ասել է Չալոյանը։
Հիշեցնենք` Սերբիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը նոյեմբերի 5-ին արծաթե մեդալի արժանացավ՝ եզրափակիչում մենամարտելով Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ։ Ավելի վաղ Չալոյանը կիսաեզրափակիչում մրցավարների միաձայն որոշմամբ փայլուն հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամադ Աբդուլաևի նկատմամբ և դուրս էր եկել եզրափակիչ։
Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացված էր 11 մարզիկով։ Մրցանակակիրները դրամական պարգևներ կստանան. ընդհանուր առմամբ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ։
ԱԱ-ի ոսկե մեդալակիրները կստանան 100, արծաթե մեդալակիրները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25-հազարական ԱՄՆ դոլար: