ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Մոսկվայի հետ ակտիվ քննարկում է հրատապ հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում է «Թուրքիայի նորություններ» Telegram–յան ալիքը։
Նախարարի խոսքով՝ Թուրքիան ու Ռուսաստանը կողմ են կառուցողական երկխոսությանը՝ հաշվի առնելով ազգային շահերը:
Չավուշօղլուն նաև նշել է, որ Հարավային Կովկասում փոփոխությունների և վերափոխման հույս է առաջացել, և Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի գործընկերոջ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը։
Լավրովը նշել էր, որ Իրանը, ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը, դրական է վերաբերվում այս նախաձեռնությանը։ Նա հույս էր հայտնել, որ Վրաստանը հետաքրքրվածություն կդրսևորի խորհրդակցությունների նման մեխանիզմ ստեղծելու և Անդրկովկասի զարգացմանն ուղղված որոշումները համաձայնեցնելու հարցում։
Հոկտեմբերին Վրաստանի ԱԳՆ–ն հերքեց տեղեկությունը, թե գերատեսչության ղեկավար Դավիթ Զալկալիանին իբր հաստատել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափի բանակցություններին վրացական կողմի մասնակցության պատրաստակամությունը։