ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել «Insulate Britain» շարժման 59 բնապահպան ակտիվիստի, որոնք առավոտյան փակել էին Մեծ Բրիտանիայի խորհրդարան տանող մի քանի փողոցները: Տեղեկությունը հայտնել են իրավապահները։
Ավելի վաղ «Insulate Britain»-ը տեղեկացրել էր, որ իր 62 ակտիվիստներն արգելափակել են Վեսթմինսթերի խորհրդարանական հրապարակ տանող երեք փողոցները, երկու խումբ մարդիկ պաստառներով նստել են խորհրդարանի շենքերի ու Բրիջ-սթրիթի մուտքի մոտ:
«Հաստատում ենք, որ սպաները 59 հոգու են բերման ենթարկել այդ ակցիայի կապակցությամբ։ Ճանապարհները բացվել են, երթևեկությունը վերականգնվել է», - նշված է ոստիկանության Twitter-յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը ասել է, որ այլևս չի հանդուրժի «շրջակա միջավայրի պահպանության համար այսպես կոչված մարտիկներին, որոնք վատնում են ոստիկանության ռեսուրսները»: Նա հայտարարել է, որ իշխանությունը մտադիր է հարցը լուծել քրեական կարգով։
«Insulate Britain» շարժման մամուլի քարտուղար Լիամ Նորթոնը ներողություն է խնդրել բնակիչներին պատճառած անհարմարությունների համար, բայց միաժամանակ հայտարարել է, որ իրենք կշարունակեն ակցիաները, քանի դեռ կառավարությունը չի խոստացել, որ մինչև 2030 թվականը կջերմամեկուսացնի Մեծ Բրիտանիայի 29 մլն տները։