Հոսպիտալացվել է 57 քաղաքացի. Ավանեսյանն այցելել է թունավորվածներին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և զրուցել «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Տեղեկությունը հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից։
«Թունավորման ախտանշաններով նոյեմբերի 5-ի՝ ժամը 21:30-ի դրությամբ հոսպիտալացվել է 57 քաղաքացի, որից 49-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 4-ը՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, 2 –ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Անահիտ Ավանեսյանը խոսել է բուժանձնակազմի հետ, ծանոթացել բուժման ընթացքին:
Նախարարը շրջել է նաև կենտրոնի մանկական բաժանմունքում, բոլոր պացիենտներին մաղթել առողջություն և շուտափույթ ապաքինում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ թունավորման դեպքերի պատճառով «Տաշիր պիցցայի» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն։