Մինչև 10 տարեկան երեխաների թերուսուցման վիճակագրական տվյալներով` Հայաստանը մեր տարածաշրջանում հայտնվել է վերջին տեղում և այստեղ էական ազդեցություն ունի հատկապես պանդեմիայի շրջանում կազմակերպված հեռավար ուսուցումը, որն ըստ էության որևէ արդյունք չի տվել, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
«Հրապարակված արդյունքների համաձայն` Հայաստանում անգրագիտության ցուցանիշները երկու անգամ ավելի բարձր են, քան Ադրբեջանում և մոտ 10 անգամ բարձր են, քան Ռուսաստանում։ Սա նշանակում է, որ մեզ մոտ այն պետական կառույցները, որոնք պատասխանատու են կրթության և հատկապես հանրակրթության համար, ըստ էության, որևէ քայլ չեն ձեռնարկել և մինչ այժմ էլ չեն ձեռնարկում, որպեսզի մեր հանրակրթությունը պանդեմիայի պայմաններում պատրաստ լինի նորմալ կրթություն ապահովել մեր մատաղ սերնդի համար»,– նշեց կրթական հարցերի փորձագետը։
Մխիթարյանի դիտարկմամբ` մենք հիմա հանրակրթության ոլորտում ցավալիորեն ունենք միջինից ցածր մակարդակ, և մասնագետների պնդմամբ` գրագիտության ու կրթական ցենզի առումով մի ամբողջ սերունդ կորցնելու եզրին ենք, եթե արդեն չենք կորցրել։ Ըստ նրա` անգրագիտության աճի պատճառների մեջ առյուծի բաժինը համավարակով պայմանավորված սահմանափակումներն են, բացի դրանից՝ բացասական մեզ ազդեցություն ունեցավ նաև հանպատրաստից անցումը հեռավար ուսուցման։
Փորձագետի խոսքով` վերջին շրջանում հանրակրթության որակն էապես կախված էր այն հանգամանքից, թե ինչպես է կազմակերպվում կրթական գործընթացն արտակարգ պայմաններում։ Նա վկայակոչեց պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն` աշակերտների 20 տոկոսը տեխնիկական պատճառով հնարավորություն չի ունեցել միանալու հեռավար դասերին, իսկ լիազոր մարմինն այս ընթացքում ոչինչ չի արել, այսինքն` ուսուցիչները չեն վերապատրաստվել, շատ աշակերտների պարագայում տեխնիկական հարցերը տակավին լուծված չեն, և եթե հիմա նորից վերսկսվեն հեռավար դասերը, կունենանք նույն պատկերը։
Նշենք, որ Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն` կորոնավիրուսի համավարակը զգալի մեծացրել է թերուսությունը կամ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 10 տարեկանների շրջանում նրանց թիվը, որոնք չեն կարող կարդալ և հասկանալ տարրական տեքստը, հասել է շուրջ 70 տոկոսի։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` Հայաստանում դպրոցական երեխաները հետ են ընկել մեկ կիսամյակի չափ՝ ի տարբերություն շատ երկրների, որտեղ մեկուկես տարվա բաց է գոյացել, բայց սա էլ, ըստ նրա, շատ լուրջ խնդիր է՝ հատկապես եթե գումարվում է կրթական համակարգի եղած խնդիրներին։