Հայկ Մարությանը մեկուսացած է, ոչ մեկի հետ չի շփվում. փոխքաղաքապետ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը նշեց, որ Երևանի քաղաքապետի բացակայությունն այս անգամ հարգելի է, բայց խնդրեց փոխանցել, որ մյուս անգամ անձամբ ներկայանա ԱԺ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկուսացել է։ Այսօր ազգային ժողովում տեղեկությունը հայտնեց փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվեց` տեղյա՞կ եք` ինչու քաղաքապետն անձամբ չի եկել, որպեսզի ներկայացնի Երևանի բյուջեի ծրագիրը։

«Ճիշտն ասած` քաղաքապետն ուզում էր գալ և անձամբ ներկայացնել Երևանի բյուջեի ծրագիրը։ Բայց, ցավոք սրտի, հաշվի առնելով ներկայիս համաճարակը, որը մտավ նաև նրանց տուն, և նրա կինն ու երեխաներն այս պահի դրությամբ հիվանդ են Covid–ով, նա, զուտ լինելով վտանգավոր զոնայում, չի ուզում վտանգել այլ մարդկանց կյանքը։ Այժմ նա գտնվում է մեկուսացած վիճակում, իհարկե աշխատանքի վայրում, ոչ մեկի հետ կոնկրետ շփման մեջ չի գտնվում»,– պատասխանեց Ներսեսյանը։

Պատգամավորն առողջության մաղթեց քաղաքապետին և ավելացրեց. «Ուղղակի փոխանցեք, որ պատգամավորներն ասում են` այս անգամ պատճառը հարգելի է, բայց մյուս անգամ Ազգային ժողովին անձամբ ներկայանա»։
Նշենք, որ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մարությանը պետք է ներկայացներ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի` քաղաքապետարանի ծախսերն ու եկամուտները:
Առնետների հավաքակայան է. Մարությանը` բազմաբնակարաններում աղբամուղերի և դրանք փակելու մասին
Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԶԼՄ–ներից մեկին տված հարցազրույցում վարչապետի կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը քննադատել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` նշելով, որ նա, լինելով «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ, նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չի հայտնել ՔՊ-ին, իսկ այն քվեն, որով Մարությանը դարձել է Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը երկրորդ անգամ է ձևավորելու կառավարություն։
Այս տարի ավելի պասիվ են. Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ
Հարությունյանը նաև նշել էր, որ կուսակցականների շրջանում Մարությանի նկատմամբ ձևավորվել է հստակ վերաբերմունք, և իրենք պետք է հասկանան ու որոշում կայացնեն` ինչ անեն այս իրավիճակում, որ քաղաքը և քաղաքային իշխանությունը չտուժեն։
Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգեն. Հայկ Մարությանը կնքել է պայմանագրերը