ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանը հայտարարել է լիազորությունները դադարեցնելու մտադրության մասին: Նա այդ մասին անձամբ հայտնել է ՀՀ կառավարությանը։
Զբաղեցրած պաշտոնից սեփական ցանկությամբ ազատվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ԵԱՏՀ:
Հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառվել և ընդունվել են այդ պաշտոնում Գեղամ Վարդանյանի լիազորությունների դադարեցման և Վարոս Սիմոնյանին նույն պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշումները:
Վերոնշյալ որոշումները ներկայում գտնվում են հաստատման փուլում և կհրապարակվեն ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից ստորագրվելուց հետո:
Նշենք, որ Գեղամ Վարդանյանն այդ պաշտոնում աշխատում է շուրջ 2 տարի։ Նրան նշանակելու մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների կողմից՝ Սանկտ Պետերբուրգում` 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Վարոս Սիմոնյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը: Նա այդ պաշտոնից ազատվել է հոկտեմբերի 21-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։