ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Ֆուտբոլի երկրպագուների կյանքն ու առողջությունը մահացու վտանգի տակ են: La Vanguardia թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Իսպանիայի Կադիս քաղաքի բժիշկ-սրտաբան Խուան Էնրիկե Պուչեն:
Մասնագետը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ այն օրերին, երբ տեղի ֆուտբոլային թիմը պարտվում է որևէ խաղում, քաղաքում սովորականից ավելի շատ սրտի նոպաներ են գրանցվում։ Իսկ եթե ակումբը հաղթում է, բնակիչները շատ ավելի քիչ են բողոքում սրտի հետ կապված խնդիրներից։
«Կյանքն ավելին է, քան այդ 90 րոպեները», - ասել է Պուչեն ու կոչ արել երկրպագուներին իրենց սրտի կաթվածի չհասցնել սիրելի թիմի պարտվելու պատճառով ու միշտ բարոյապես պատրաստ լինել պարտության:
Ի դեպ, սա առաջին նման հետազոտությունը չէ։
Օրինակ, 1998 թվականի աշխարհի առաջնությունում, երբ Անգլիայի հավաքականը 1/8-րդ խաղում պարտվեց Արգենտինայի թիմին, Մեծ Բրիտանիայում մեկ քառորդով ավելացել էր ինֆարկտի ախտանշաններով հիվանդների թիվը։
Այդ ժամանակ արգենտինացիները 4:3 հաշվով հաղթեցին անգլիացիներին 11 մետրանոցներով: