ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Միջտարածաշրջանային երթուղիներ իրականացնող գնացքը Ֆրանսիայի հյուսիսում մի խումբ միգրանտների է վրաերթի ենթարկել: Տեղեկությունը Twitter-ում հայտնել է Օ դը Ֆրանս տարածաշրջանի փոխադրամիջոցների հարցերով փոխնախագահ Ֆրանկ Դերսենը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ Պա դը Կալե դեպարտամենտում։ Նշվում է, որ Էրիթրեայի քաղաքացի չորս միգրանտները հորդառատ անձրևի տակ քայլել են երկաթգծով։ Վթարի հետևանքով մեկը մահացել է, երեքը՝ տուժել։
«Տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, երկուսը թեթև վնասվածքներ են ստացել», - գրել է Դերսենը:
Նա նշել է, որ անձրևի ու լուսավորության բացակայության պատճառով միգրանտները չեն տեսել գնացքը, իսկ մեքենավարն էլ` երկաթգծով քայլող մարդկանց։