ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց հայտնի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը։ Արարողությանը ներկա էր Վաթինյանի որդին, ինչպես նաև աստղի բացման նախաձեռնող կողմերի՝ Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ներկայացուցիչներ։
Երևանում բացվեց կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը
© Photo : press office of the "Golden Apricot"
«Այս տարին մեզանից տարավ միանգամից երկու օպերատորական «վերջին մոհիկաններին»՝ Լևոն Աթոյանցին և Ռուդոլֆ Վաթինյանին։ Վաթինյանի աստղի տեղադրումը խորհրդանշում է այն մեծ վաստակը, որը նա ունեցել է ինչպես օպերատոր ու մանկավարժ», - ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։
Մինչ Վաթինյանը Շառլ Ազնավուրի հրապարակում հայ կինոյի օպերատորական համայնքից եղել է միայն Ալբերտ Յավուրյանի աստղը։
Ռուդոլֆ Վաթինյանի հայ նշանավոր կինոօպերատոր է, աշխատել է Ալբերտ Մկրտչյանի, Վիգեն Չալդրանյանի և այլ հայտնի ռեժիսորների հետ։ Արժանացել է բազում պետական և փառատոնային մրցանակների։
Ծնվել է 1941 թվականին Դիլիջանում: Փոքր տարիքից զբաղվել է նկարչությամբ, քանդակագործությամբ և մոդելագործությամբ։ Հետագայում սկսել է զբաղվել լուսանկարչությամբ և ընդունվել աշխատանքի տեղական թերթի խմբագրություն։ 1965-ին ընդունվել է և 1970-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի օպերատորական բաժինը (ՎԳԻԿ)։ 1970 թվականից աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատոր։
Ավարտելուց հետո աշխատել է որպես երկրորդ օպերատոր «Խաթաբալա», «Այս կանաչ, կարմիր աշխարհը» , «Օգոստոս», «Պուտիկավոր շունը, որը վազում է ծովի եզրով»։ Կրկնակի պարգևատրվել է պետական մրցանակով։ Աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղարն է եղել: Լավագույն օպերատոր է ճանաչվել և մրցանակի արժանացել «Սիրով և երախտագիտությամբ», «Օգոստոս», «Տեր, ողորմյա» ֆիլմերի համար։ Մահացել է 2021 թվականի հունվարի 2-ին։