ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Առուշ Առուշանյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 30-ին դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցված գրավը՝ 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Այս մասին որոշում է կայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ բավարարելով դատախազության ներկայացրած միջնորդությունը:
Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշել է, որ դատարանի որոշումը չի բխում օրենքից:
«Մենք պնդել և պնդում ենք, որ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ դատական այս որոշմամբ դա հաստատվեց: Դատական այս ակտով երրորդ անձի մոտ կարող է ողջամիտ ենթադրություն ձևավորվել, որ խափանման միջոցի պայմանի խախտում կարող է ստեղծվել»։
Առուշանյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ էին ցանկանում հայտնել, բայց աշխատանքային ժամի ավարտվելու հիմքով դատարանը դա թույլ չտվեց անել:
Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին:
Նշենք, որ ավելի վաղ Առուշ Առուշանյանի քրեական գործին է միացվել մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանական կողմը հանդես էր եկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի և նույն դատարանի դատա որ Գնել Գասպարյանի վարույթում գտնվող քրեական գործերը մեկ վարույթում միավորելու միջնորդությամբ։ Դատարանը բավարարել էր պաշտպանների միջնորդությունը և այժմ այդ 2 գործերը գտնվում են դատավոր Գնել Գասպարյանի վարույթում։
Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Մյուս գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:
Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Հոկտեմբերի 17–ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Գորիսում հաղթեց «Առուշ Առուշանյան» դաշինքը։
Իսկ նոյեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Առուշանյանը, ընդգրկված լինելով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում, մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։