ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը տարիներ շարունակ աշխատել է, որպեսզի ամրապնդվի 907 բանաձևը և վերջնականորեն կրճատվի ամերիկյան ռազմական օժանդակությունն Ադրբեջանին։ Սենատոր Ռոբերտ Մենենդեսի ներկայացրած նախագիծն Ազգային անվտանգության իրավասության բանաձևի բարեփոխումն է, որն ամեն տարի քննարկվում է Ներկայացուցիչների պալատում և Սենատում, ակնկալվում է, որ այն կստորագրվի նաև ԱՄՆ–ի նախագահի կողմից։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը խոսեց Ռոբերտ Մենենդեսի և Ալեքս Պադիլայի ներկայացրած օրենսդրական փոփոխությունների մասին։
«Մենենդեսի ներկայացրած օրենսդրական նախագծի համաձայն` ԱՄՆ–ի նախագահն այլևս չպետք է ունենա 907-րդ բանաձևը մի կողմ դնելու իրավասություն և ընդհանարապես այդ կերպ պետք է կանխվի ցանկացած օժանդակություն Ադրբեջանին։ Որոշումը շատ կարևոր է մանավանդ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված հարձակումների ու պատերազմի հետևանքների առումով»,– նշեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղարը։
Չուլջյանի տեղեկացմամբ` 2001 թվականին վերոհիշյալ բանաձևը մասամբ թուլացվեց Սենատի ու Ներկայացուցիչների պալատի կողմից այն առումով, որ ԱՄՆ–ի նախագահը յուրաքանչյուր տարի կարող էր վերաքննել 907-րդ բանաձևը` հիմք ստեղծելով Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու համար։ Սակայն Միացյալ Նահանգների Հայ դատի հանձնախումբը մշտապես դրան դեմ է եղել և Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ պահվածքը չպետք է հանդուրժվի որևէ պետության կողմից։
«Եթե վերոհիշյալ որոշումն ընդունվի, ապա դա կլինի Սենատի հստակ պատգամը, որ ամերիկյան կառավարությունն այլևս պետք է վերջ տա Ալիևի բռնապետությանն օժանդակելուն, քանի որ վերջինս իր հարձակողական գործողություններով անմեղ մարդկանց զոհվելու պատճառ դարձավ և հիմա էլ շարունակում է ագրեսիվ պահվածք դրսևորել Հայաստանի ու Արցախի նկատմամբ»,– ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղարը։
Չուլջյանի համոզմամբ` որոշումը պետք է վերջնականապես ամրագրվի Ազգային անվտանգության իրավասության բանաձևի մեջ, ինչը կարևոր է նաև տարածաշրջանային խաղաղության հասնելու առումով։
Նշենք, որ Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկ, որոնցից մեկով նախատեսվում է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (առավել հայտնի որպես 907-րդ բանաձև) պահանջների կատարումը, որը արգելանք է դնում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության վրա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի վերջին կողմ էր քվեարկել այլ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք նույնպես Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության արգելք են ենթադրում։ 2021թ․ հուլիսին էլ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր իր կոմպետենտության սահմաններում Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և ռազմակրթական օժանդակության դադարեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխություն։