ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ դեռ վաղաժամ է խոսել, թե ինչ քարտեզներով են Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատում կատարելու։
«Քանի դեռ չկան դելիմիտացիայի վերաբերյալ բանակցություններ, խոսել, թե ինչ քարտեզներով, փաստաթղթերով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է։ Այսինքն՝ նախ պետք է բանակցություններ սկսվեն սահմանազատման առնչությամբ»,-ասաց Գևորգյանը։
Նա հավելեց, որ ներքին քննարկումների ժամանակ ընդհանուր մոտեցումներ ձևակերպել են, սակայն այդ ամենի մասին շուտ է խոսել։
Հիշեցնենք, որ Aliq Media-ն ավելի վաղ գրել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները 2 փաստաթուղթ պետք է ստորագրեն, որոնցից մեկը 1920-ական թթ. քարտեզներով սահմանազատմանն է առնչվում, մյուսը` ապաշրջափակմանը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարել էր, որ այս պահին երկու երկրների ղեկավարների հանդիպման մասին որևէ տեղեկություն չկա։