ՌԱԴԻՈ

Տպավորություն է, որ այդ մարդը և՛ կա, և՛ չկա. Քեռյանը` ՀՀ նախագահի գործառույթների մասին

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում նախագահի սահմանափակ լիազորությունները թույլ չեն տալիս, որ պետության գլուխ հանդիսացող անձը կարողանա կարևոր դերակատարում ունենալ մեր երկրի կարևորագույն խնդիրների լուծման հարցում։
Sputnik
Խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո անգամ Հայաստանում պահպանվեց նախագահի ինստիտուտը, որի գործառույթները այդպես էլ Սահմանադրությամբ կամ որևէ օրենքով հստակ չեն առանձնացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Նրա խոսքով` խնդիրը ոչ թե անձի, այլ ինստիտուտի մեջ է. մենք պահպանեցինք նախագահի ինստիտուտը` առանց որևէ լիազորությունների և գործառույթների։
Կիսանախագահական համակարգն ունի մի շատ մեծ բացասական կողմ` պատասխանատվության լղոզում
2018 թվականից սկսած, երբ գործարկվեց նոր սահմանադրությունը, Հայաստանում պետության գլուխը հանդիսանում է նախագահը, բայց ունի սահմանափակ լիազորություններ, հաճախ դրանք այնքան են կրճատված, որ տպավորություն է, թե այդ մարդը (պաշտոնյան) և՛ կա, և՛ չկա։

«Մենք ունենք Սահմանադրությամբ, օրենքներով, օրենսդրական կարգավիճակով լիազորություններ չունեցող նախագահ, բայց միևնույն ժամանակ, Արմեն Սարգսյան անձ, որը փորձում է իր ակտիվությամբ կամ իր գործունեությամբ ինչ-որ տեղ իր վրա վերցնել պետության գլխի որոշ գործառույթներ, որ իրականում ոչ թե չկան, այլ պարզապես տրված չեն իրեն»,- ասաց նա։

Քեռյանի կարծիքով` որքան էլ նախագահն ակտիվ գործունեություն ծավալի, այս կամ այն երկրի առաջնորդի, քաղաքական ինստիտուտների հետ հանդիպումներ ունենա, միևնույն է չի կարող իր գործունեությամբ նպաստել պետության համար կարևորագույն խնդիրների լուծմանը։
«Ցանկացած հայտնի երգիչ կամ մեծահարուստ, կամ արվեստագետ ևս կապեր է ունենում նույնիսկ հանրահայտ մարզիկներն էլ գերտերությունների ղեկավարների հետ հանդիպում են կապեր ունեն, եթե մեծ ֆինանսական կարողությունների տեր մարդիկ են, բայց դա լրիվ այլ բան է, իսկ այդ ամենը կապել պետության ներքին, արտաքին քաղաքականության և պետության առջև դրված խնդիրների լուծման հետ, բոլորովին այլ հարց է»,- նշեց քաղաքագետը։
ՀՀ նախագահը Գլազգոյում զրույցներ է ունեցել Բայդենի, Մակրոնի, Մերկելի և այլ ղեկավարների հետ
Այս համատեքստում Քեռյանը կարևորում է նաև վարչապետ-նախագահ փոխհամագործակցությունը։ Այդ դեպքում ևս նախագահի անձնական նախաձեռնությունները, կապերը կարող են պետության համար օգտակար լինել, իսկ Հայաստանում այդպիսի համագործակցային ձևաչափի մասին խոսելն ավելորդ է, քանի որ, նրա խոսքով, նախագահի պաշտոնավարումից մինչև օրս ներքաղաքական վայրիվերումներից և դրանցով պայմանավորված զարգացումներից մեր երկիրը աչք չի բացում։