ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող կուսակցությունները մասնակցելու են նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ դաշինքի մաս կազմող կուսակցության անդամները հանրահավաքին ներկա են լինելու որպես սովորական մասնակիցներ, ելույթ չեն ունենալու։
«Կազմակերպիչները մեր գործընկերներն են, և այդ օրակարգը մենք պաշտպանում ենք»,- ընդգծեց Վանեցյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանրահավաքին ներկա լինելու է, թե ոչ, Վանեցյանը նշեց, որ տեղեկություն չունի։
Ընդդիմության տեղեկություններով` նոյեմբերի 9-ին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։
«Հիմա մեզ կրկին խաղաղություն են խոստանում՝ «խաղաղության դարաշրջանի» տեսքով։ Սա նշանակում է նոր զիջումներ, նոր խայտառակություն, նոր նվաստացում, նոր պարտություն, ինչը թույլ տալ չի կարելի»,–հայտարարել էր «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ընդդիմադիր քաղաքական ուժը հայտարարել էր նաև, որ սա կանխելու համար անհրաժեշտ է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության` արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ու երկրի անվտանգությունն ապահովելու համար։