ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ 1–ին, 2–րդ և 3–րդ նախագահները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը փոխանցել են մեր հայրենիքի արցախյան հատվածի 12․500 քառակուսի կիլոմետր տարածք, լավ բանակցային ժառանգություն, անվտանգ երկիր, մարտունակ բանակ, և Փաշինյանը երեք տարվա ընթացքում կարողացել է այս ամենը մսխել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք իրեն պատասխանատու չի զգում իրավիճակի համար՝ նկատի ունենալով, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում տիրապետել է հսկայական տեղեկատվության, տեսել է բազմաթիվ խնդիրներ, բայց դրանց մասին հետո է սկսել բարձրաձայնել։
«Իմ հրաժարականը բոլորի համար պետք է ահազանգ լիներ, որ լուրջ վերաբերվեին այդ հարցին, այլ ոչ թե կեղծ օրակարգերով, կեղծ լուրերով, անհեթեթ պնդումներով փորձեին վարկաբեկել իմ անձը»,- նշեց ԱԱԾ նախկին տնօրենը։
Հիշեցնենք, որ 2019 օգոստոսի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, որում նա ասում էր. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։
2020թ մայիսի 30-ին էլ հայտնի դարձավ, որ Վանեցյանը «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել։